Երբ խորո՜ւնկ քնով քնած կլինեն մարդկությունը ողջ և աշխարհն արար,
Երբ ես՝անքունս, նավակով հոգուս կլողամ սիրուդ ջրերում վարար,
Երբ հոգետոչոր, քաղցր մեղեդին կշոյի հոգնած ականջս սիրով,
Կգտնեմ մի թուղթ, կամ պատին սպիտակ
Ճակատագրի մատներից հոսող անգայթ թանաքով,
Արվեստագետի վրձինով հմուտ,
Ես կնկարեմ խե՜նթ երջանկություն՝ հատուկ քեզ համար, հենց քո՛ անունով,
Ճերմակ՝ կարապի փետուրի նման,
Անհատակ՝ ինչպես զուլալ սիրո ծով:
Թավիշանման ու նաև փափուկ, որ բարձի տեղակ գրկես դու նրան,
Ու քնես վրան,
Շաղավոտի պես մեղմ ու անաղմուկ,
Որ դու չլսես, բայց հոգուդ բոլո՜ր ելևէջները
Ծածու՜կ զգան նրան ու անէանան:
Իսկ չես հարցնում թե ինչ տեսք ունի երջանկությունը՝ սիրով նկարված,
Կորաձև է նա կամ եռանկյունի, միջուկը նրա... Ինչով է լցված:
Չգիտեմ, իմ սե՜ր, անունը նրա,
Կաղապար է դա՝ աշխարհում երբեք նախկինում չեղած,
Իսկ լցոնված է սիրաբաղձ երգով՝ լուսարբած հոգուս ընդերքից պեղված:
Երջանկությունը, որ կնկարեմ արվեստագետի հմուտ վրձինով,
Ճակատագրի մատներից հոսող թանաքով անգայթ,
Կախ կտամ փայլող ձյան գորգի վրա
Նու՜րբ նարնջագույն արտացոլանքով այն լուսամփոփից,
Որ ճրագում է փողոցը քո տան:
Թող նա ներս նայի քո պատուհանից,
Թող դառնա սիրուս մշտարթուն վկան:
Երջանկությունը, որ կկերտեմ ես կտավի վրա՝ գույներով կյանքի,
Մեր սիրո պատին կախված կլինի ու ջահի տեղակ կլուսարձակի:
|