Քաղաքին մութի մանվածքն է իջել,
Դու դեռ արթուն ես, մա՜յր իմ,
Հոգնած աչքերդ ճամփիս հառե՜լ՝
Սպասում ես անտրտունջ, մա՜յր իմ…
Բյուրահազա՜ր մոմեր ես վառել,
Աղոթում ես ինձ համար, մա՜յր իմ,
Ուզում եմ մոմաբույր մատներդ համբուրե՜լ,-
Շշնջում եմ քեզ, մա՜յր իմ…
Ծփուն ձյունը անձրև է դարձել,
Ամառը դարձել է աշու՜ն,
Դու էլի առաջվա պես նստել՝
Գիշերվա թևերի մեջ անքուն
Երգդ ես հանգում տրտմագին,
Եվ հոգուդ դարսիդարս շողերով
Ճամփաս ես ցողում, մա՜յր իմ…
Շահպրակ ծաղիկներ եմ քաղել,
Ծփանուտ դաշտերից հայրենի՜,
Որ բերեմ, ոտքիդ տակ շաղե՜մ,
Իմ անգի՜ն, իմ՝ Շուշան թագուհի՜…
Քաղաքին մութի մանվածքն է իջել,
Դու դեռ արթուն ես, մա՜յր իմ,
Իմ կողքին մնա առհավե՜տ,
Առանց քեզ ես որբ եմ , մա՜յր իմ…
|