Նայում եմ բա՜ց պատուհանից...
Այնտեղ՝հեռվում, շողարձակ աստղերի
Երջանկավետ գրկում թևածում են
Երկու հոգի՝
Կողք կողքի,
Ձեռք ձեռքի տված...
Լուսնի լույսը իր մենակարոտ
արձագանքն է գտել կեռ շեղբի վրա...
Խավարը փարատվել է...
Նոր-նո՜ր ծլարձակող հույսի
հյուլեներ են նշմարվում՝
Այնտե՜ղ, հեռվում,
Կողք կողքի,
Ձեռք ձեռքի տվա՜ծ...
Գարնանային մեղմ հովիկն
Իր շոյանքն է հասցնում նրանց՝
Օրորելով երկնի մգացած աչքերում...
Տեսնու՞մ ես...Սքանչագին այն պարը՝
Կաթնածո՜ր հորիզոնում,
Նրանց՝երկուսի՝
Կողք կողքի,
Ձեռք ձեռքի տված...
Լսո՞ւմ ես....
Դեգերող հոգիների համանվագը...
Գեղեցի՜կ է...
Նայում եմ բաց պատուհանից...
Ա՜յ, տես՝ երկնքում առկայծում են
Նախալուսաբացի աստղերը...
Շտապի՜ր....
Շտապիր ինձ մոտ...
|