Նա կախվել էր երազանքի մի թևից: Այն սլանում էր երկնի լազուրի մեջ՝ճեղքելով երբեմնի գորշարծաթվագույն ամպաբեկորներն ու առաջ շարժվում: Ամուր բռնել էր երազանքի մի թևից, ժամանակի անտարակուսելի քամիները ստիպել էին բաց թողնել ափերի մեջ տաքացրած ամբողջն ,ու, հիմա հազի՜վ էր հասցնում կառչած մնալ նրանից…Երազանքն ընթացքի մեջ էր: Սավառնում էր օդային հեռուներում՝ հետզհետե վեր խոյանալով, ձգտելով դեպի Տիեզերքի անհունը, դեպի կոելյոական <<Աշխարհի հոգին>>, ու ավելի ու ավելի հեռանալով երկրային աղտալի փոշիներից…Երկա՜ր էր մտածել, և, որքան ավելի խորը, այնքան իրականության <<դահիճ>> մատները մխրճվել էին իր մտապատկերում փայփայած վերերկրային տիրույթներն ու փորձել ոչնչացնել նրան՝այն մեկին, ով հիմա խույս էր տալիս նրանից: Բռնել էր գաղթի ճամփան: Իսկ նա, վերջին վայրկյանին ուշքի գալով և հասկանալով, որ Հավատն է այն լույսը, որ պիտի նշմարվի ցանկացած թունելի եզրին, կրկին կառչել էր նրանից, բայց ալետատանումները ևս սրտխառնուք էին առաջացնում…
Սովոր չէր այս վիճակին: Միշտ հաստատուն էր եղել, միշտ ամուր զգացել էր հողն իր ոտքերի տակ, իսկ հիմա այդ նույն ոտքերը կախվել էին օդում, անորոշության մեջ, մի ձեռքով բռնած երազանքի միայն մեկ թևից…Ու՞ր կհասցներ նրան այս վիճակը: Այլևս առաջվա նման չէր մտածում ապագայի մասին: Հիմա դեռ փորձում էր տանուլ չտալ ներկան: Մտածում էր՝արդյոք երազանքին պատահականության հոսանքն էր ուղորդում, թե ինքը հաստատապես կանխորոշված ընթացք էր վերցրել:
Վախենում էր… Որքան էլ արտաքնապես աներեր էր թվում, սարսափում էր այն մտքից, որ իրականության <<դահիճ>> ձեռքերը բավականաչափ երկար կլինեն այնտեղ հասնելու և վերջին ապավենը կտրելու համար: Վախենում էր, թեև լավ գիտեր,որ ճակատագիրը վախկոտներին չի հանդուրժում: Նրանք այդպես էլ իրենց սահանափակ աշխարհում են ապրում՝վախենալով ոտքը երկարացնել նրա տիրույթներից դուրս…Նրանք այդպես էլ չեն ճաշակում մահվանն ուղիղ աչքերի մեջ նայելու և նրան պատվով ընդունելու վայելքը: Եվ մինչդեռ վախենում են մեռնել, չեն էլ ապրում: Տանուլ են տալիս մի ողջ կյանք՝անգիտակցաբար…Չափազանց լավ գիտեր այս ամենը:
Այս պահին փիլիսոփայական խորախորհուրդ գաղափարների կրողը լինելու ժամանակը չէր: Կախված էր վերջին ուժերի հատվող ճիգով: Երազանքի ընդամենը մի թևից…Վախենում էր թե ոչ՝ արդեն չէր գիտակցում: Մի բանում էր համոզված միայն…Անկումը ցավոտ էր լինելու: Վայրէջքը փափու՜կ չէր լինելու: Այդ մեկում համոզված էր…
|