Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Ամելանխիեր կլորատերև (Amelanchier ovalis), վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքի թուփ է։ Տերևաթափ թուփ է՝ 0,5-3 մետր բարձրությամբ և ուղղաձիգ, ծիրանադարչնագույն կեղևով ծածկված ճյուղերով։ Տերևները ձվաձև են, հակառակ ձվաձև կամ էլիպսաձև, 4 սմ երկարությամբ և 2,5 սմ լայնությամբ։ Ծաղիկներըսպիտակ են, 2,6-3,2 սմ տրամագծով, հավաքված 5-8 ծաղիկներից կազմված ողկույզներում։ Պտուղները մանր են, հյութալի, սև գույնի, ծածկված կապտավուն խավով։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում ենօգոստոսին։ Տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին և Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Սևանի ավազանում, Վայքում, Ախուրյան գետի վերին հոսանքներում, քարքարոտ թեքություններին, թփուտների մեջ, կաղնու անտառներում, անտառի վերին եզրերին՝ մինչև 2000 մետր բարձրությունների վրա։ Պտուղները, որոնք ուտվում են միայն սառնամանիքները խփելուց հետո, մեծ քանակությամբ A և C վիտամիններ են պարունակում։ Տերևները, բողբոջները և ընձյուղները պարունակում են եթերայուղեր և ցիանային գլյուկոզիդներ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես պատվաստակալ՝ տանձենու և խնձորենու թզուկ սորտերի համար։ Չափազանց ցրտադիմացկուն է. պահանջկոտ չէ հողի նկատմամբ, բավական խոնավասեր է և ստվերատար։ Բնափայտը շատ ծանր է, գեղեցիկ գունավորմամբ։ Օգտագործվում է հուշանվերների և մանր իրեր պատրաստելու համար։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում բարձրլեռնային շրջանների կանաչապատման և անտառապատման համար։ | |
Դիտումներ: 198 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |