Այնքա՜ն վաղուց է՝
Չենք տեսել իրար...
Այնքա՜ն վաղուց է՝
Չենք ասել իրար,
Որ կարոտել ենք...
Իսկ կարոտե՞լ ես...
Դու հեռանալիս
Քեզ հետ տարել ես
Քեզատենչ հոգիս:
Ի՞նչ ես թողել ինձ:
Քեզազուրկ օրվա
Խեղճ պատառիկներ...
Հեռու ենք հիմա,
Ինչպես երկինքն ու
Հողե երկիրը,
Կրակն ու ջուրը,
Սևաչ խաղողն ու
Գինու մրուրը,
Ջութակի վերջին
անշունչ հևոցն ու
Խելա՜ռ կիթառի
Բամբ թրթռոցը...
Գուցե խենթ եմ ես,
Բայց դեռ սպասում եմ,
Ու քիչ է մնում
Հավատամ նորից,
Որ հետ ես գալու,
Քեզ հետ բերելու
Շողն արևգալի՝
Հագեցած սիրո
Խե՜նթ անուրջներով...
Ու թռչելու ենք
Մառե երկնքի
Սիրաշերտերում...
Ա՜խ, քիչ է մնում
Հավատամ նորից,
Որ կարոտել ես...
|