Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Նյութերը ենթաբաժնում: 39
Ցուցադրված նյութերը: 21-30
Էջեր: « 1 2 3 4 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների

Այնքա՜ն պարզ եմ հիշում: Աշնանային տխրաշունչ մի օր էր: Անձրևն իր երգն էր ասում՝ սրտիս ելևէջներին համահունչ, երբ վերցրի ճամպրուկս ու դուրս եկա: Նախապես արդեն որոշել էի արմատահան անել ամեն ինչ իմ՝ թեկուզև քիչ ապրած ժամանակից և այլևս երբեք չնավարկել հիշողության ջրերում:
Որոշմանս համաձայն՝ մեկնեցի կայարան, որտեղից էլ սկսվելու էր իմ նոր՝ ավելի հասուն ու խոհեմ կյանքը: Երկար մտորումներից հետո վերջապես հանգեցի այն գաղափարին, որ նստելու եմ առաջին իսկ պատահած գնացքը, և կարևոր չէ, թե որ ուղղությամբ այն ինձ կտանի: Կյանքիս բազմաբովանդակ խաչմերուկներից խուսափելու համար կարծում էի՝ լավագույն գաղափարը դա էր:
Սարսափելի երկա՜ր թվացին ինձ այն հինգ րոպեները, որոնց ընթացքում ես զսպված անհամբերությամբ սպասում էի հետագա անելիքս որոշող գնացքի ժամանելուն: Կարծես հայտնվել էի մենության ու մոռացության մի արգելանոցում, որտեղից զորու չէի ելք գտնել դեպի իրականություն:
Բարեբախտաբար, շչակի սուլոցն ինձ ուշքի բերեց , ու ես դուրս պրծա մտավոր անդունդից՝ծնունդ առած անհասկանալի անգոյությունից: Սրտի թրթիռով ու անցյալիս նկատմամբ կարոտի ջերմ զգացումով լցված՝քայլերս ուղղեցի դեպի անհայտություն: Դռները բացվեցին, և ես ներս մտա:Շանթահար եղածի նման նայեցի շուրջբոլորս, ուր աչքերս չէին տեսնում ոչ-ոքի. ոչ մի շնչավոր էակ: Չգիտեի՝ ինչով բացատրել այդ առեղծվածը, սակայն, ինչպես քիչ անց պարզեցի, այդ գնացքը նախատեսված էր միայն մեկ ուղևորի համար: Իմ մեջ՝ իրար ներհյուսված վախի, հետաքրքրասիրության և եզակին լինելու տարօրինակ զգացողությունները այն աստիճան էին ներաճել, որ նույնիսկ չհասցրի խորհել արարքիս շուրջ: Դռները փակվեցին, ու գնացքը շարժվեց:
Ծայրահեղ հաճելի էր գիտակցել,որ այդ հսկան շարժվում էր բացառապես ինձ համար: Թեպետ, չեմ ժխտի,որ մի պահ սկսել էի լուրջ անհանգստանալ, նույնիսկ փորձեցի իջնել, բայց տարակուսանքս մի ակնթարթ տևեց:
Գնացքի՝ կայարանից հեռանալուն զուգընթաց ես անէանում էի մինչ այդ ինձ շրջապատող հախուռն աշխարհից ու հայտնվում մեկ այլ առեղծվածային աշխարհում՝ նոր, բայց բազմախորհուրդ: Վերջին անգամ հմայախոսքի կանչ արձակեցի ի փառս իմ պատվավոր անցյալի ու վճռեցի այլևս երբեք ետ չնայել. Միայն դեպի առաջ…Հետո, երբ գնացքի համաչափ շարժումն ինձ համար սովորական դարձավ, կրկին սկսեցի երկմտել: Ճի՞ շտ եմ անում արդյոք…ու՞ ր եմ գնում և ինչո՞ւ…Ի՜նչ իմանայի…
Քիչ անց պիտի պարզեի, որ գնացն այդ բոլորովին էլ սովորական չէր, և որ այն հետաքրքրական ու ցանկալի անուն ուներ. Սիրո գնացք էր կոչվում: Նրա երթուղին միայն ու միայն մեկ նշանակետ ուներ. նա տանում էր իր ուղևորին Երջանկություն կոչվող կայարանը: Հաճելի է ,իհարկե, լսել այս ամենն ու գիտակցել, որ աշխարհում նման բան գոյություն ունի: Սակայն այնքան էլ հեշտ չէր գնալ այդ քայլին,ինչպես կկարծես հիմա: Ճանապարհն այդ երկար էր ու լի փորձություններով: Թեպետ բավականին շատ մարդիկ էին նստել այդ գնացքը, միայն քչերն էին հասել իրենց նպատակետին: Իսկ ի՞ նչ էր լինում մյուսների հետ… 
Նրանք ինչ-ինչ պատճառներով լքում էին այդ գնացքը այլևայլ կայարաններում, ասենք այնպիսի կայարաններում,որոնք կրում էին հետևյալ անունները. Հիասթափություն, Դավաճանություն, Անհանդուրժողականություն, Խաբեություն, Միայնակություն և այսպե՜ս շարունակ…
Ի՞ նչ կարող է մարդ արարածը ցանկանալ ավելի,քան Սիրո գնացքով հասնել Երջանկություն կոչվող կայարանը: Անչափ ուրախ էի ու անհոգ: Սակայն, այդ ամենն հօդս ցնդեց մի վայրկյանում, չքացավ ունայնության մեջ, երբ հեռվում նշմարվեց մոտակա կայարանը: Ես հիմա չեմ էլ հիշում,թե դա որն էր այն՝ վերը թվարկածներից: Մի բան եմ լավ հիշում. Երջանկության չափից ավելի լինելը վախեցնում էր ինձ: Կարծում էի, որ այն մարդու համար չէ ու միայն Աստվածներին է հասու: Փութանցիկ մի հայացք նետեցի իմ գնացքին, քանզի վախենում էի,որ ակնդետ հայացքը կգայթակղեր ինձ հավերժ մնալու այնտեղ, ու արագ իջա: Փութահորդոր քայլերով հեռացա գնացքից: Ազատության բաղձա՜լի զգացում…Ես կրկին ինքս եմ որոշում իմ անելիքը, և ոչ-ոք ինձ չի պարտավորեցնում երջանիկ լինել: Մի քանի սրտաճմլիկ վայրկյան էր անցել, երբ շչակն ազդարարեց գնացքի մեկնումը: Ու կրկին մի անմեկնելի ներուժ ինձ ստիպեց փութով հասնել գնացքին ու գրավել իմ տեղը: Դեռ չէի հասցրել որևէ մտահանգում կատարել եղածի վերաբերյալ, երբ հասկացա, որ գնացքը կրկին շարժվում է,ու որ ես գնացքի ներսում եմ՝ փակ դռների ետևում: Ես սիրո գնացքում եմ ,ու երջանիկ եմ ես...Ժամանակ առ ժամանակ արթնանում էր մեջս քնած դժկամ կենդանին ու ինձ հիշեցնում, որ ես միշտ խուսափել եմ փակ դռներից՝ նախընտրելով անկախ երջանկությունը՝ թեկուզ այն ավելի նվաղ ու փոքրամարմին է եղել: Իրարամերժ գաղափարներիս հետ երկա՜ր պայքարելուց հետո խոստացա ինքս ինձ, որ այլևս չեմ փորձի իջնել և ո՛չ մի կայարանում, մինչև որ տեղ չհասնեմ: Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչպիսի՜ պահեր եմ ապրել այդ գնացքում, ինչպիսի՜ բերկրանք ու հիացմունք, գորով ու սեր. մի պահ նույնիսկ մոռացել էի արտաքին աշխարհի գոյության մասին: Հեռու՜ էր դեռ երջանկությունս, բայց ես կարող էի հասնել նրան...
Հաջորդ օրն արթնացա շղթայական հարցերի թերի պատասխանների ու պատճառաբանությունների անանց թավուտում: Իսկ եթե ճիշտ չե՞ մ ընտրել դեպի երջանկությունս տանող փոխադրամիջոցը.գուցե գտնվելով այդ գնացքում բաց էի թողնում իմ՝ իսկապես երջանիկ լինելու հնարավորությունը: Կրկին անգամ վճռեցի իջնել՝ այս անգամ հաստատապես ու անհողդողդ: Ու գիտե՞ ս,թե ինչն էր հետաքրքիր…
Երբ գնացքը կանգ առավ, ու ես պատրաստ էի րոպե առաջ լքել այն, պարզվեց, որ դուռը չի բացվում: Դեռ ավեին. Գնացքում ծայրահեղ լարված մթնոլորտ էր, լույսերը հանգել էին, ու դրսում էլ սաստիկ անձրև էր: Իմ գնացքը սիրախորժ հայացքով ասես աղերսում էր, որ չլքեմ նրան: ես պնդեցի իմ՝ անտեղիտալի համառությամբ, իջա ու քայլերս ուղղեցի դեպ անկանխատեսելի հեռուն՝ հուսալով, որ էլ երբեք չեմ վերադառնա այնտեղ:
Կրկին շնչեցի ազատության թարմ օդն ու հասկացա, որ հենց դա էր ինձ անհրաժեշտ՝ Ինքնագոհության ու ինքնահաստատման մի քանի օր բնության գրկում: Լրացել էր այն բացը, որն առաջացել էր ազատության պակասից, սակայն ցավոտ էր գիտակցել, որ մեկի փոխարեն մի քանի շա՜տ ավելի կարևոր բացեր էին առաջացել, որոնք ոչնչով լցնել հնարավոր չեղավ: Դատարկությունը ճեղք էր տվել ու հետզհետե վերածվում էր հսկայական անցքի...
Երեկոյան, երբ քայլում էի փողոցով, քայլերս ինձ մղեցին այն նույն կայարանը...Զարմանքից քարացա. Իմ՝ Սիրո գնացքն այնտեղ էր, նա չէր մեկնել:
Սպասել էր... Ինչպես հետագայում պատմեց ծերում հսկիչը՝ շա՜տ ուղևորներ էին փորձել ճամփորդել նրանով, սակայն դուռը չէր բացվել և ո՛չ մեկի առաջ:
Ուրախությունից արցունքներս սկսեցին հոսել վարար գետի նման: Հավատարմության այդ ազնվազարմ ժեստը խեղդում էր ինձ, բայց ես վախենում էի կրկին անգամ մոտենալ նրան: Կարծում էի, որ այդժամ ես էլ արդեն անցանկալի ուղևոր էի նրա համար: Դանդա՜ղ ուղղեցի քայլերս այդ կողմ: Դեռ չէի մոտեցել գնացքին, երբ դռները լա՜յն բացվեցին , ու նա սիրատոչոր կերպով ինձ իր գիրկն առավ:
Հուսով եմ, որ յուրաքանչյուր ոք կյանքում գեթ մեկ անգամ կըմբոշխնի եզակին ու ամենասիրվածը լինելու հաճույքը՝ ինչպես բախտ վիճակվեց ինձ: Ես հասկացա, որ այդ գնացքում լույսերը միայն ինձ համար էին վառվում, դռներն իմ առաջ էին բացվում, ու որ այն դյութիչ մեղեդին, որն անդադար շոյում էր ականջս, միայն ինձ համար էր նվագում: 
Քիչ մնաց ուշանայի...
Հիմա ես վախենում եմ... Գնացքն իմ իր նպատակակետի ճանապարհին է, ու ես հուսով եմ, որ ուշացած ուղևոր չեմ իմ՝ Սիրո գնացքում:
Այնպես եմ փափագում, որ իմ՝ թեկուզև կարճ բացակայության ընթացքում ոչ-ոք զբաղեցրած չլինի իմ տեղը, ու որ իմ գնացքը երկա՜ր սպասելուց հոգնած չլինի...Ես գրեթե վստահ եմ, որ Նա ինձ անպայման տեղ կհասցնի: Մենք միասին կհասնենք այնտե՜ղ՝ Երջանկություն կոչվող կայարանը:

Նարինե Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 148 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 12.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Ժամանակ կանցնի մեր անջատումից,
Ու կհանդիպենք, ես գիտեմ հաստատ,
Կրկին կխաչվեն ուղիները մեր,
Կրկին հաղթություն իմ հոգում անպարտ:

Եվ անակնկալ այդ հանդիպւմից
Քեզ տենչած հոգիս կրկին կցնծա,
Զատվելով մռայլ տարակուսանքից`
Հոգուս երկփեղկման վախճանը կգա:

Ու ես կհանեմ հագիս ունեցած
Կեղծության զրահն այնքա~ն անթափանց,
Քո ճշմարտաշող մի զույգ աչքերի
Եվ պարզ հայացքի զորության դիմաց…

Ձեռքդ դողացունց փրկության ուժով
Հոգուս խավարում ճրագ կվառի,
Ու ես վերստին կզգամ այսուհետ
Մեռած մարմնում կենդանի հոգի:

Նորերս զարթնած քնած սերը իմ 
Կլուսաշողի ժպիտը քո ջինջ,
Դողդոջ քայլերով կմոտենամ քեզ,
Ու չեմ հանդգնի ասել ես ոչինչ…

Գլխումս եղած ու չեղած մտքեր,
Զուսպ աշխուժություն` խաղացող դեմքիս,
Անցյալից հավե~րժ մնացած հուշեր,
Նոր արբեցումի շոշափ մատներիս…

Հոգեսարսուռ է այդ մուտքը գուցե…
(ասում են` միշտ էլ դժվար է սկսել,
Իսկ վերսկսել… առավել դժվա~ր…)
Սակայն նահանջի ճամփան չեմ գտնի,
Բայց կուրվագծեմ մեր վառ ապագան:

Եվ իմ աչքերում կցոլա սիրերգ,
Հենց իրենք` աչքերն այդ մասին կասեն,
Իսկ ես չեմ խոսի այսօր զերթ երեկ,
Ես լու~ռ կսպասեմ, թե դու ինչ կասես…

Կրկին լռություն…Բայց մի ամբողջ կյանք,
Սրտերում կողպած արկղերի բացում,
Ու մենք չենք զգա` ինչպես ակամա
Մեր միացումի կամուրջն ենք հյուսում:

Հանկարծ կճեղքես լռությունը այդ
Գարնան դեռահաս բողբոջի նման,
Կհարցնես ինձ` ինչ է պատահել,
Ինչու եմ ես խենթ և ուրախ այսքան…

-Բա~խտ է պատահել, քեզ նման մի բախտ,-
Կարձագանքեմ ես հոգու ցնծությամբ,
Ներքին մղումով սիրաշող խոսքի,
Եվ հոգու թաքուն վա~ռ մոլեգնությամբ…

Կնայեմ երկա~ր ակնահաճ դեմքիդ,
Աչքերիդ լույսը գուցե կորսամ,
Եվ ինքս իմ մեջ ես հարց կտամ ինձ,
Թե որ արածիս կամ որ չարածիս
Համար եմ այսօր երջանի~կ այսքան…

Մի բան լավ գիտեմ. Ինչ էլ որ լինի,
Քեզ` սիրելիդ իմ , մենակ չեմ թողնի…

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 130 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 12.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Մայրամուտն է իջնում կրկին անտառածածկ լեռնալանջին,
Օրը խաղաղ՝ դանդա՜ղ հանգում, վերջանում է մթնշաղի արնակարմիր հայացքի տակ,
Նինջ են մտնում ու մրափում ծովափները՝ խնկածառի թփուտներով եզրագծված,
Ծոթրիները, նարդոսներն ու հեգ ժայռերը՝ սևին տվող մայրամուտի՝ 
Նվաղ լույսի նու՜րբ շիթերով ցողագուրված ու բարուրված:
Թևերը լա՜յն տարածում է մայրամուտը և գիրկն առնում սիրող մոր պես
Դարափները՝մարջաններով գոտեվորված,
Եվ լուսինը անրջատես իբրև թագ է հագնում գլխին,
Հովիտները, որ ստվերված են սոսափներով անդոհալի,
Պաճուճազարդ գալարները ավազե տաք դարալանջի,
Եվ թափանցիկ փրփուրների հարափոփոխ տվայտանքը,
Ճայերի մերկ պարը օդում, ձկնաբույլի վառ խայտանքը՝
Այս ամենը գիրկն է առնում լիալուսին մայրամուտը,
Եվ իր քնքու՜շ օրոցքի մեջ քուն են մտնում 
Եղեգները՝ իրենց փարթա՜մ հուրաններով, և առափնյա ծանծաղուտը:
Հանդա՜րտ, հետե՜ն խլանում են զիլ ճիչերը հոգնածության,
Խորի՜ն խոնջանքը տրտմության…
Որպես թե երգ օրորոցի ալեբախման ճողփյունն է լոկ լսվում հեռվից անրջային,
Մանկանում է աշխարհն ասես,
Թավալգլոր օրորում է նրան քամին:
Լու՜ռ է…

Նարինե Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 154 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 12.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Առանց քեզ կյանքս ասես ոչինչ է,
Անհատակ ծովս առանց ալիք է,
Սրբաքար տունս առանց տանիք է,
Աշնանացանս առանց հատիկ է:

Առանց քեզ երգս օտար լեզվով է,
Առանց քեզ վերքս սաստիկ ցավոտ է,
Առանց քեզ շուրջս խավար ու մութ է,
Առանց քեզ արփին այնպե~ս աղոտ է:

Առանց քեզ հոգիս բեկբեկված սյուն է,
Առանց քեզ շուրջս ունայնություն է,
Առանց քեզ կյանքս սին ու դատարկ է,
Երբ կողքիս չես դու` մի՞թե սա կյանք է…

Իմ ֆայլերը | Դիտումներ: 148 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 10.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Խոստովանություն

Իմ ֆայլերը | Դիտումներ: 145 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 09.05.2015 | Մեկնաբանություններ (0)

ԱՐԱՐՈՒՄ

Իմ ֆայլերը | Դիտումներ: 167 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 09.05.2015 | Մեկնաբանություններ (0)

ՄՈՐՍ

Իմ ֆայլերը | Դիտումներ: 150 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 09.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Պատահե՞լ է, երբ՝

Իմ ֆայլերը | Դիտումներ: 130 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 09.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Բալլադ սիրող քամու մասին…

Իմ ֆայլերը | Դիտումներ: 307 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 09.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Արի այսօր հարբենք մի քի՜չ…

 

Իմ ֆայլերը | Դիտումներ: 164 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 09.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more