18:58 Կրծողներ |
Կրծողներ (լատ.՝ Rodentia), կաթնասունների դասի ամենամեծ կարգը։ Ընդգրկում է կաթնասունների 1/3-ը։ Մանր և միջին չափերի (մարմնի երկարությունը՝ 5 սմ - 125 սմ) կենդանիներ են։ Գլխուղեղի մեծ կիսագնդերը փոքր են կամ թերզարգացած, հարթ մակերևույթով։ Ատամները հարմարված են բուսական կոշտ կերեր կրծելուն։ Խիստ զարգացած են կտրիչները, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ընթացքում։ Ժանիքներ չունեն։ Տարածված են բոլոր աշխարհամասերում։ Հայտնի է ժամանակակից 30 ընտանիք, 400 սեռ, մոտ 2 հզար տեսակ, նախկինԽՍՀՄ տարածքում՝ 11 ընտանիք, 50 սեռ, 130-ից ավելի տեսակ, ՀՍՍՀ-ում՝ 26 տեսակ։ Կրծողների մեծ մասը կիսաստորգետնյա կյանք են վարում, փորում են խոր և բարդ բներ։ Մկները, առնետներն ապրում են գետնի վրա, կուրամկներն ունեն լրիվ ստորգետնյա, ճահճակուղբը, մշկամուկը, կուղբը՝ կիսաջրային, սկյուռները, քնամոլները՝ ծառաբնակ ապրելակերպ։ Մորֆոֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների շնորհիվ կրծողները հեշտությամբ հարմարվում են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Շատ արագ բազմանում են, տարեկան տալիս են 2—9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 2—15 ձագ։ Բարենպաստ տարիներին նրանց քանակը կարող է աճել 100—200 անգամ։ Առանձին տեսակներ (սկյուռ, մշկամուկ, ճահճակուղբ) ունեն արժեքավոր մորթի։ Մեծ մասը վնասատուներ են, փչացնում են գյուղատնտեսական կուլտուրաները (հատկապես հատիկային), պահեստված մթերքները, ապրանքները և այլն։ Որոշ տեսակներ (արջամուկ, գետնասկյուռ, ավազամուկ, դաշտամուկ և այլն) մարդու և ընտանի կենդանիների սուր վարակիչ ինչպես նաև հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների՝ ժանտախտի, էնցեֆալիտների, կատաղության հարուցիչների հիմնական կրողներ և տարածողներ են (լվերի, տզերի միջոցով, անմիջական շփմամբ)։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |